Իմ և ոչ միայն իմ կողմից շատ սիրելի կանայք և աղջիկներ, հիմա ինչ-որ ներքևում կկարդաք ձեզ մոտ կառաջացնի կա՛մ զայրույթ, կա՛մ հիացմունք, կա՛մ ուղղակի անտարբերություն: Ամեն դեպքում, ինձ թվում է՝ գրածս կհետաքրքրի և՛ տղաներին, և՛ աղջիկներին, քանի որ խոսքը ձեր մասին է, կանայք և աղջիկներ: Այս միտքն առաջացավ ինձ մոտ, երբ առավոտյան՝ հերթական աշխատանքային օրը սկսելուց առաջ, աչքովս ընկավ մի հոդված՝ հենց մեր` տղամարդկանցս մասին, և այն կարդալուց հետո որոշեցի գրել կանանց տեսակների վերաբերյալ, որոնք ես հանդիպել եմ իմ կյանքում:
Կանայք, լինելով մեր հասարակության կարկառուն ներկայացուցիչներ, շատ տարբեր են: Այո՛, տարբերվում են, իրենք հենց իրենցից ու ուզում են հնարավորինս ընդգծել այդ բաղձալի տարբերությունը, մեզ` տղամարդկանց, ավելի գերելու նպատակով: Այո՛, կանայք տարբեր են լինում. լինում են գեղեցիկ, տգեղ, խելացի և ոչ այնքան, բարեկազմ, նիհար կամ գեր, ակտիվ, դինջ… Սակայն խոսքս նման տարբերությունների և տեսակների մասին չէ, այլ կանանց կարծրատիպերի մասին:
Այսպես, ըստ «ժամանակակից» հայ տղամարդու՝ կանայք բաժանվում են մի քանի խմբերի.
1. «Տան աղջիկ»: Սա գրեթե բոլոր հայ տղամարդկանց «իդեալն» է: Բոլորս ներքուստ ձգտում ենք գտնել մեր կյանքում մի աղջկա, ով կհամապատասխանի այս տեսակին: Սակայն ինքներս էլ շատ հաճախ չենք էլ կարողանում բացատրել, թե որ հատկանիշներով է բնորոշվում այս տեսակը և, որ ավելի կարևոր է, տարբերվում մնացած աղջիկներից: Չնայած բոլորս էլ միանգամից նկատում ենք նրան` մեր «իդեալին», երբ տեսնում ենք այդ բաղձալի կերպարը՝ լինի դա դրսում, ինչ-որ մեկի տանը կամ աշխատավայրում: Իսկ տեսնելուց հետո հավանո՞ւմ ենք նրան՝ ելնելով ժամանակակից տեսանկյունից: Ում բախտը ոնց կբերի (շատ հաճախ նրանք այդպես էլ մնում են տանը):
Հիմնականում այս տեսակը մեր մեջ կարծրացրել են մեր ծնողները, պապիկ-տատիկները, այլ կերպ ասած` ավագ սերունդը, հետևաբար մենք, համարելով մեզ ժամանակակից, դժվար ենք կարողանում մարսել այս տեսակի բնույթը:
2. «Աղջիկներ (կանայք), ովքեր գիտեն, թե ինչ են ուզում»: Այո՛, նրանք գիտեն, ու դա բնավ էլ վատ չէ, սակայն վատ է, երբ գիտակցում ես, որ նրանք գիտեն, որ ուզում են ոչ թե ում, այլ«ինչ»: Որպես «ինչ» շատ հաճախ հանդիպում են... Դե, դուք ինքներդ էլ պատկերացրիք, թե ինչ, ու անգլերեն ասած «Long Term» կարգավիճակով` անվերջ, զարգացող ու զարմացնող: Կարևոր չէ, թե այդ «ինչ»-ը կոնկրետ ինչ է, այլ այն, որ այդպիսի աղջիկները կկարողանան օգտագործել այս ամենը՝ ավելի մեծ կոնտրաստ ստեղծելու և իրենց բացահայտ առավելություններն ընդգծելու համար` պայմանավորված այդ նույն ինչ-ով: Տվյալ դեպքում ամենամեծ շահողը հենց ինքն է` կինը, իսկ տուժածը կամ անտարբերության զոհը` հենց ինքը` այդ «ինչ»-ի տերն ու իսկական կրողը:
Սովորաբար այս տեսակը օժտված է լինում իրեն հատուկ էգոիզմով և մեծամտությամբ ու լիովին զուրկ է լինում անկեղծ սիրելու կարողությունից: Երբ խոսքը հասնում է սիրուն, մնացյալը լռություն է: Նրանք հաճախ մի տղամարդով չեն կարող բավարարել իրենց «հոգևոր»պահանջները և միշտ փնտրում են այն, ինչ պակասում է (չգիտակցելով, թե ինչ է պակասում կամ պակասո՞ւմ է արդյոք, թե՞ ոչ), այն, ինչ նրանց գայթակղում է, չհասկանալով, որ անհնար է միշտ լինել գայթակղված: Եվ ցավելին այն է, որ այս ամենը նրանց shopping է հիշեցնում:
3. «Աղջիկներ (կանայք), ովքեր գիտեն, թե ինչ են անում»: Տղամարդկային երևակայությունն ու պահանջները բավարարող շատ «բարի հրեշտակներ»: Մենք` տղամարդիկս, ինքներս չենք հասկանում, թե ինչպես ենք վերաբերվում այս տեսակին: Կա՛մ շատ «սիրում» ենք, քանի որ սովորաբար վերջում տրվող հարցերը չենք լսում, գտնում ենք ուրախություն ու ապրում ենք հասարակ տղամարդկային երջանկության պահեր: Կա՛մ լցվում ենք սարսափելու աստիճանի հասնող անտարբերությամբ: Ցանկացած դեպքում այս տեսակը, մեզ` տղամարդկանցս, վերաբերվում է նույն կերպ, ինչպես որ մենք նրանց: Նման կանանց դժվար է լուրջ վերաբերվել, սակայն, ինչպես հասցրել եմ տեսնել, բացառություններ էլ են լինում:
4. «Աղջիկներ (կանայք), ում մենք իսկապես փնտրում ենք»: Իմ կարծիքով այս տեսակը այն ոսկե միջինն է, որը փնտրում է ժամանակակից հայ տղամարդը: Նրանք գիտեն, թե ում են ուզում սիրել, ինչպես են ուզում սիրել: Կարող են երջանկացնել ու դրանով երջանկանալ: Չեն սիրում քեզ ինչ-որ կոնկրետ բանից ելնելով, այլ ընդհանուր` քո ամեն ինչի համար, քո յուրօրինակության և նույնատիպության համար: Կլինեն քո կողքին ու կմնան քո հետ՝ ինչ էլ որ լինի: Այս տեսակին ես անվանում եմ սիրող:
Այո, կանայք բազմազան են, և իմ նշած տեսակները ամբողջական լինել չեն կարող ու չեն էլ հավակնում դրան: Այո, նրանք տարբեր են` չար, բարի, համեստ, բռնկվող, սակայն մենք ձեզ հենց այդպես էլ հավանում ենք: Չենք կարող ապրել առանց ձեզ: Այո՛, ձեզ հետ դժվար է, իսկ առանց ձեզ` գրեթե անհնարին: