Գիտեք չէ՞, որ պատանեկան սերը ամենաանբիծն է լինում, աստվածատուր...Ասում են՝ կորցնելուց հետո միայն գիտակցում ես, որ անգիտակ էիր, անփորձ, որ կարողանայիր անթերի գտնվել սիրելու մեջ...Մի անգամ ինձ ամուսնանալու առաջարկություն արեց: Երկուսս էլ քսան տարեկան, խենթությունների սիրահար, ավելի ճիշտ ես էի մի փոքր տարօրինակ, իսկ Արսենն ինձնից սովորեց: Այդ օրը ինձ հրավիրեց ընթրիքի: Ամեն ինչ կազմակերպված էր՝ սիրելի երաժշտություն, սիրելի վայր, սիրելի խմիչք, բայց...ամուսնանալու առաջարկության խոսքերը այդպես էլ չհնչեցին: Լուռ քայլում ենք, Արսենը թե. 'Քիչ էր մնում մոռանայի...Կարողանում ես չէ՞ թիավարել': Ես. 'Ինչու՞': 'Ո՞նց Ինչու: Դու չէի՞ր, որ ասում էիր ռոմանտիկ, տո չգիտեմ, հեքիաթային լինի'... 'Հիմա էլ եմ ասում': 'Ահա: Գնում ենք նավակ նստելու (նայեց երկինք), փաստորեն այսօր լուսին չկա: Ոչինչ, բաց երկնքի տակ կլինենք՝ ես, դու և աստղերը': Այնքան լուռ, խաղաղ էր շուրջը, որ ամեն մի թիավարից, պարզ լսվում էր ջրի շարժը: -Կամուսնանա՞ս ինձ հետ: (ծոցագրպանից՝ փորձում էր ինչ-որ բան դուրս բերել): -Մատանիի՞,-բացականչեցի ես: -Դե եթե վզնոցը խորհրդանիշ լիներ, մեծ հաճույքով վզնոց կնվիրեի.- լուրջ-լուրջ խոսում էր Արսենը: Հենց այդ պահին, չգիտեմ ոնց ստացվեց, ձեռքիցս մատանին ընկավ ջուրը: Սկսեցի տզզոցս դնել. 'Ամեն ինչ փչացրեցի': Իսկ նա շփոթված՝ ինձ էր հանգստացնում...Անցել են տարիներ, բայց մատանին դեռ իմ մատին է...Մի օր նրան ասացի. -Գիտե՞ս, 'Գրին քարտ' եմ շահել, պետք է գնամ Ամերիկա: Նա չփորձեց ինձ հասկանալ նույնիսկ, որ դեսպանատանն անընդհատ մերժում եմ ստացել, որ յոթ տարի չեմ տեսել ծնողներիս, քույրս արդեն ամուսնացել է, փոքրիկ ունի: Իսկ ես...Իսկ ես իսկապես չեմ կարող հրաժարվել իմ վերջին հնարավորությունից հանուն իրեն: Ստիպված եմ, պարզապես ստիպված՝ չունենալով այլընտրանք: Ես նրան լքել եմ ցավով, մեծ ցավով, որի մասին այդպես էլ ոչ-ոք չիմացավ: Իմ որոշմամբ՝ ես կորցրեցի նրան, կամ գուցե ճակատագրի որոշմամբ: Սկսում եմ կառչել, փորձելով սխալը բարդել ոչնչի վրա, ճակատագրի վրա...Հիմա հայրենիք վերադառնալու չվերթի տոմսերը ձեռքիս են: Այն ժամանակից ի վեր անցել են տաս տարիներ: Եթե նա իմանար, որքան հաջողություններ եմ ունեցել, պարգևատրումներ, ծանոթյուններ, փառքի ճամփա, և ի վերջո, եթե նա իմանար, որ ինձ որպես հանցագործ են բանտարկել...Եթե նա իմանար, որ ես չունեմ ոչինչ...Այս մտորումների մեջ որոշեցի գրել նրան էլեկտրոնային հասցեով. 'Barev Arsen.Inchpes es? Es veradarnum em Hayastan. Es chem amusnacel"...Անցավ մեկ օր, 2,3,4...պատասխան չկա: Իմ թռիչքի օրն է, որոշեցի նախքան օդանավակայան մեկնելը, մի փոքր նստեմ եկեղեցում: Հիշեցի, այն ժամանակ նույնպես թռիչքից առաջ գնացի եկեղեցի: Մոմերը զույգ հալչում էին, իսկ ես աղոթում էի նրա համար, միմիայն...Բարեկամներս ինձ 'տուրիստ են' ասում: Ողջ հայկական լեռնաշխարհով մեկ ինձ պտտեցրին...Ուշ երեկո է: Մեկ անգամ էլ բացեցի էլեկտրոնային հասցես, մի քանի էջ նամակներ ունեմ: Հերթականությամբ թերթեցի, որոշները ջնջեցի և վերջապես նամակ՝ Արսեն Մարգարյանից. "Barev Nvard. Du inchpes es? Urax em, vor veradarnum es. I dep es nuynpes amusnacac chem der"... Առավոտից խառնաշփոթ է, ամեն ինչ թարս է ստացվում, լավ բան չի վկայում, դե սնահավատի մեկն եմ: Ժամանակ առ ժամանակ զարկերակս եմ ստուգում՝ կանգ չի՞ առել...Նորից ինչպես քսան տարեկան մի աղջնակ՝ ձգվում եմ հանդիպման...