Ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը և թողնում ամեն ինչ անցյալում... Ո՛չ, թույլ տվեք չհամաձայնել, գուցե ժամանակավորապես մոռացության է մատնում, բայց միայն ժամանակավորապես.... Ես չեմ ցանկանում մտածել, որ այս կյանքում այն ամենն ինչ, կատարվում է, նախօրոք կանխորոշված է: Ո՛չ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք ունենք հնարավորություն տնօրինելու մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյան, պարզապես պետք է փորձենք միշտ լավը և գեղեցիկը տեսնել: Չգիտես ինչու միշտ ճիշտ հակառակն է ստացվում, որն էլ հենց պատճառ է դառնում հազարավոր զույգերի բաժանության: Հավատացե՛ք, այդ բաժանությունների մեծ մասը անտեղի է՝ հիմնված որոշ անիմաստ պատճառների վրա, որոնք իրականում պատճառ հանդիսանալ կամ համարվել չեն կարող: Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե բաժանության պահին ասեիք այն, ինչ ձեր սիրտն էր զգում և որքան բաժանություններից կարելի էր խուսափել արդյունքում: Չգիտես ինչու շատերին թվում է, թե բաժանությունը միակ լավագույն ելքն է, բայց ոչ, այդպես չէ, այն միակ վատագույն տարբերակն է, որը պետք է թողնել ամենածայրահեղ իրավիճակների համար: Շատերն անում են այդ քայլը՝ մտածելով, որ ժամանակը կանցնի և ամեն ինչ կմնա անցյալում, միանշանակ կասեմ կրկին՝ ոչ: Հարգելիներս, ժամանակը այդքան էլ բարի չէ, ինչպես թվում է, այն ցավեցնում է այն ժամանակ, երբ ամենից քիչն եք սպասում: Հիշե՛ք. «Սիրահարվել և սիրել կարող են բոլորը, բայց քիչ են այն սիրահարները, ովքեր կարողանում են պահել և պահպանել իրենց սերը»: Ի վերջո կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար, բայց գտնելու համար նախ չպետք է կորցնել: Պահպանեք ձեր սերը, այն միակ, գեղեցիկ և անկրկնելի զգացմունքը, որն ապրում է ձեր սրտերում: Գնահատեք ձեր կողակցին և հաճախ կրկնեք այն գեղեցիկ արտահայտությունը, որի կարիքը միշտ զգում է ձեր սիրելին: Իսկ նրանք, ովքեր կանգնած են բաժանության եզրին կամ բաժանվել են իրենց սիրած էակներից, մի կողմ դրեք ամեն ինչ և արեք ամեն հնարավոր և անհնարին բան վերադարձնելու համար ձեր սերը: Հավատացե՛ք՝ երբեմն բավական է ընդամենը մեկ զանգ և մեկ արտահայտություն սրտից ասված.....և ամեն ինչ կրկին կվերադառնա, և եթե իսկապես սիրում են, էական չէ, թե բաժանումից ինչքան ժամանակ է անցել (1 օր, 1շաբաթ, 1 ամիս, թե 1 տարի)... Անպայման կվերադառնան... Մի՛ վախեցեք այդ քայլից և փորձե՛ք վերադարձնել ձեր սերը...